Ծրագիր

«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի 10 բաժինների էության համառոտագրեր

ԲԱԺԻՆ 1. Պետական կառավարման մրցունակ՝ մերիտոկրատական համակարգ

Մրցունակ պետության կայացումը և հարատև զարգացումն ապահովելու պարտադիր պայման է հանդիսանում պետական կառավարման ողջ համակարգի բոլոր մակարդակներում կադրերի դրական ընտրասերման միջավայրի ձևավորումը, երբ արժանիները օգտվում են առաջխաղացման տարատեսակ լիֆտերից, իսկ անարժանիների առաջխաղացումն առավելագույնս արգելափակվում է:

Հայոց Երկրում նշվածն ապահովում է արժանիներին բացահայտող 2 տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ՝ Ազգի Ոսկե Հիմնադրամ և Կառավարման Անհատական Դասակարգիչ, որոնք հիմք են հանդիսանում Ընտրասերման Համակարգի միջոցով պետական կառավարման համակարգում ձևավորելու մերիտոկրատական մթնոլորտ:

ԲԱԺԻՆ 2. Պետականության հարատևման անվտանգության համակարգ

Գտնվելով ցնցումներով լի տարածաշրջանում և ունենալով պատմականորեն ձևավորված մարտահրավերներ, Հայոց Երկիրը դատապարտված է ունենալ ոչ թե հատվածային և/կամ ժամանակավոր մոտեցումներ պետական անվտանգության հարցերին, այլ բացառապես համակարգային մոտեցում, խարսխված հետևյալ 5 անվտանգային համակարգերի վրա՝

  • ֆիզիկական և տարածքային.
  • պետական կառավարման.
  • արժեքային և կրթադաստիարակչական.
  • Ֆինանսատնտեսական.
  • տեղեկատվական ու տեխնոլոգիական:

Նման մոտեցումն ամբողջությամբ «ծածկում» է պետականությանը սպառնացող հանգուցային վտանգները և ապահովում է դրանց համակարգված չեզոքացումը ռազմավարական ու մարտավարական իմաստներով։

ԲԱԺԻՆ 3. Պետական մոբիլիզացիոն պաշտպանական համակարգ

Հայոց Երկիրը ռազմական հարձակումներից պաշտպանելու համար անհրաժեշտ է ողջ պետության տարածքում ու նաև համազգային մասշտաբով սահմանել «ամեն ինչ պաշտպանության համար» ռեժիմը և ձևավորել պետական մոբիլիզացիոն պաշտպանական համակարգ, որի առանցքը հանդիսանում է Ազգ-Բանակը։

Ազգ-Բանակի կայացումը ստեղծում է անհրաժեշտ և հուսալի նախապայմաններ ապահովելու կանոնավոր բանակի, մնացած (ա․հ․՝ ուժային) կառույցների և ազգի բարձր բարոյահոգեբանական, ռազմական մարտունակությունն ու փոխհամագործակցությունն ինչպես խաղաղ ժամանակներում, այնպես էլ պատերազմի պարագայում։ Արդյունքում, ներդրվելու են հատուկ Մոբիլիզացիոն Համակարգ՝ ազգը և պետությունը մշտապես մոբիլիզացված պահելու նպատակով։

ԲԱԺԻՆ 4. Նախաձեռնողական արտաքին քաղաքականության

Հայոց Երկրի համակարգային անվտանգության և զարգացման հիմնաքարերից է հանդիսանում վերջինիս սուբյեկտայնության ձեռքբերումն ու ամրապնդումը, ինչը ենթադրում է գործող արձագանքային (ռեակտիվ) արտաքին քաղաքականությունը նախաձեռնողական (ակտիվ) քաղաքականությամբ փոխարինում՝ սեփական օրակարգը և շահերն առաջ տանող սուբյեկտ դառնալու նպատակով։Նախաձեռնողական արտաքին քաղաքականություն իրականացնող պետական կառույցները, սերտ համագործակցելով համահայկական ցանցային կառույցների (առաջին հերթին՝ ՀԱՍԵ) հետ 24/7 ռեժիմով պետք է միտված լինեն Հայկական Հարցի արտաքին խանգարող գործոնների ու հետևանքների քայլ առ քայլ վերացմանը։

ԲԱԺԻՆ 5. Իրավական համակարգի ձևավորում

Իրավական համակարգը հանդիսանում է պետության պաշտպանիչ շերտերից մեկը և պետք է միտված լինի, առաջին հերթին, պետության ու ազգի իրավական անվտանգության ապահովմանը։ Հետևապես, Հայոց Երկրի իրավական համակարգում (այդ թվում՝ Սահմանադրության մեջ) տեղ են գտնելու այնպիսի հիմնադրույթներ և մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա որպեսզի անձնական, տարբեր տեսակի խմբային և օտար շահերը որևէ կերպ վտանգեն պետական ու ազգային շահերը։

Հայոց Երկրի իրավական համակարգում ի սպառ մերժվելու է տարածված արատավոր մոտեցումը իրավունքների ուռճացման հարցում՝ սահմանելով Պարտականություն–Իրավունք–Պատասխանատվություն շղթայի ամբողջական և համաչափ կիրառումը, որպես իրավական համակարգի հիմնաքար։ Փաստորեն, յուրաքանչյուր տարատեսակ իրավունք թմբկահարելուց առաջ անհրաժեշտ է գիտակցել այս հիմնարար սկզբունքը, որի պահապան և երաշխավոր է հանդիսանալու Գերագույն Դատարանը։

ԲԱԺԻՆ 6. Մրցունակ տնտեսական մոդելի ձևավորում

Հայոց Երկրի տնտեսության մրցունակության բարձրացման նպատակով ներդրվում է Գիտահեն Տնտեսական Զարգացման Մոդել, որը գործնականում հնարավորություն է տալու ստեղծվող նյութական արժեքների մեջ մեծացնել գիտելիք պարունակող մասնաբաժինը և ապահովել գիտելիքից մինչև վերջնական պրոդուկտ ամբողջ շղթայի իրականացումը։Այս ամենն ուղղորդվելու է պետության դերի էական բարձրացմամբ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների նկատմամբ, զարկ տալով տնտեսության Գերակա Ուղղությունների զարգացմանը և ապահովելով ֆինանսատնտեսական անվտանգությունը։

ԲԱԺԻՆ 7. Տարածքային համաչափ զարգացում

Հայոց Երկրի պաշտպանությունը և զարգացումն անբաժանելի է տարածքային համաչափ զարգացումից, ինչը պարտադրում է ռեսուրսների համաչափ բաշխումն ըստ տարածքների: Այսպիսով, անհրաժեշտ է վերագոտիավորել պետության ողջ տարածքը, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը և օնտոլոգիան: Այնուհետև ներդնել Տարբերակված Տարածքային Քաղաքականություն, այդ թվում՝ հարկային, ֆինանսավարկային և ներդրումային ուղղություններով։

Այս իմաստով, Հատուկ Կարգավիճակ է տրամադրվելու, առաջին հերթին, սահմանամերձ բնակավայրերին՝ տրամադրելով հավելյալ արտոնություններ։

ԲԱԺԻՆ 8. Ժողովրդագրական դրական դինամիկայի ապահովում

Ժողովրդագրական դրական դինամիկայի ապահովման նպատակով ներդրվում են մի շարք սկզբունքներ և խթանիչ մեխանիզմներ, որոնք ապահովելու են հետևյալ գերակա խնդիրների լուծումը՝

  • ծնելիության խրախուսման նյութական և բարոյահոգեբանական միջավայրի ձևավորում․
  • կյանքի միջին տևողության երկարացում․
  • նպատակային ներգաղթի խթանում և արտագաղթի կառավարում:

Նշված նպատակները կյանքի կոչելու համար մի շարք ոլորտներում (ա.թ.՝ առողջապահության, սոցիալական, միգրացիոն) ներդրվում են հատուկ ճանապարհային քարտեզներ։

ԲԱԺԻՆ 9. Սփյուռքի համախմբում և կառուցվածքային համակարգում

Սփյուռքի ներուժն առավելագույնս օգտագործելու համար անհրաժեշտ է համակարգել, համախմբել և ապահովել նրա արդյունավետ մասնակցությունը հայրենիքի հզորացման գործում։ Սույն նպատակի իրականացման համար Սփյուռքի Աշխատանքները Համակարգող Կառույցը ձևավորում է աշխարհասփյուռ տաղանդաշատ հայերի գրանցման և ներգրավման համակարգ՝ Ազգի Ոսկե Հիմնադրամ, իսկ նրանց հետագա ինտեգրումը Հայոց Երկրում իրականացվում է Հատուկ Կլանողական Ծրագրի միջոցով։

ԲԱԺԻՆ 10. Մրցունակ ազգային սերունդների ձևավորում

Արդի աշխարհի խոշորագույն մարտահրավերներից է համամարդկային դեգրադացիան, որին նպաստում են նաև նպատակային ձևավորված և ուղղորդվող անորակ կրթադաստիարակչական համակարգերը։ Այս մարտահրավերից Հայոց Երկիրը զերծ պահելու համար կոշտ եղանակով ներդրվում են Մրցունակ Կրթադաստիարակչական Ծրագիր և Բարոյական կանոններ:

Արդյունքում ձևավորվում է մրցունակ ազգային սերունդ՝ հիմքում ունենալով ազգային, բարոյահոգեբանական, պրոֆեսիոնալ և ֆիզիկական համալիր զարգացումը: